Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պատվիրակության կազմում հոկտեմբերի 21-22-ին Երևան այցելած ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներից մեկի՝ 1news.az-ի գլխավոր խմբագիր Քյամալյա Մամեդովան ասել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Բաքու կարող է իրականանալ մինչև 2025-ի ավարտը։
«Մենք ակնկալում ենք, որ այցը կլինի փոխադարձ։ Հանդիպումների ձևաչափը նախատեսվում է շարունակել երկարաժամկետ հեռանկարում։ Եթե դրական ազդանշաններ լինեն, գործընթացը կշարունակի զարգանալ։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցին, այն նախատեսված է առաջիկայում։ Մանրամասները դեռևս քննարկվում են, բայց ենթադրվում է, որ այս այցը հնարավոր կլինի մինչև տարեվերջ»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Մամեդովան նշել է, որ ադրբեջանական պատվիրակության այցը Երևան անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:
«Սադրանքներ կամ բացասական կողմեր չեն եղել։ Կազմակերպվածությունը, այդ թվում՝ անվտանգության հարցերը, բարձր մակարդակի վրա էին։ Հայկական կողմի և հայկական պատվիրակության հետ հանդիպումները, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կառուցողական էին»,- ասել է նա։
Նա այցն անվանել է պատմական՝ ընդգծելով, որ վերջին 30 տարիների ընթացքում անցկացված նման հանդիպումներից այս մեկն ունեցել է բացառապես երկկողմ բնույթ, առանց երրորդ կողմերի միջնորդության։
Մամեդովան պարզաբանել է նաև, որ պատվիրակության այցի մասին մինչ այդ չի հայտարարվել, իսկ հանդիպման մանրամասները չեն բացահայտվել։
«Սակայն իրականում ոչ ոք չի մոտեցել հյուրանոցին, ոչ ոք չի բողոքել և ոչ ոք դժգոհություն չի հայտնել։ Քաղաքում զբոսանքների կամ հանդիպումների ժամանակ որևէ միջադեպ չի նկատվել»,-ասեփլ է նա։
Նա նշել է, որ քննարկումների առանցքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։
«Բոլոր քննարկումները կենտրոնացած էին խաղաղության օրակարգի համատեղ առաջխաղացման վրա՝ օգոստոսին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի ոգով։ Քննարկվել են նաև երկու կողմերի համար զգայուն հարցեր, մարդասիրական և լոգիստիկ հարցեր, ինչպես նաև հեռանկարները, որը բացում է հնարավոր խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։
Նա հավելել է, որ պատվիրակության համար Երևանում մշակութային ծրագիր է կազմակերպվել։
«Մենք զբոսնեցինք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այցելեցինք Մատենադարան։ Ամեն ինչ անցավ հարթ, առանց որևէ բացասական միջադեպի»,- ընդգծել է նա։
Պատվիրակության կազմում Երևան ժամանած իշխանամերձ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն իր սոցիալական ցանցերում գրել է, որ տարիների դադարից հետո ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, ինչը, ըստ նրա, կարող է ապագայում դառնալ նորմալ երևույթ երկկողմ հարաբերություններում։
«Հանդիպումը կազմակերպվել էր բարձր մակարդակով, ապահովվել էր անվտանգությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունից մինչև մեր հասարակություններում մտահոգիչ թեմաներ: Քննարկվել են խմբի նպատակները և հնարավոր համատեղ գործունեությունը։ Անշուշտ, հետաքրքիր էր զբոսնել Երևանում՝ տեսնելով այն ամենը, ինչ ամեն օր ուսումնասիրում և տեսնում ես լրատվամիջոցներում։
Զբոսանքի ընթացքում ես նույնիսկ պատահաբար տեսա մի լրագրողի, որին ճանաչում էի եթերից։ Այո, որոշ հայկական կայքերում վիրավորանք և վրդովմունք է արտահայտվում, որոշ ադրբեջանական կայքեր էլ կարծիք են հայտնում, որ անհնար է համաձայնության գալ։ Սա նորմալ է ներկայիս ժամանակահատվածի համար։ Դեռ շատ բան կա անելու, որպեսզի հասարակությունները սովորեն կառավարությունների խաղաղության օրակարգին։ Պաշտոնական մակարդակով որոշումներ են կայացվում գործընթացը առաջ մղելու համար, և եթե այս պատմական ժամանակահատվածում պայմաններ կան իրավիճակը կայունացնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար, ապա դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը։
Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների երկկողմ կլոր սեղան-քննարկմանը ներկա է եղել Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևան։






