Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու:
Նա նշել է, որ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ՝ հավելելով, որ հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է։
«Բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չենք ունեցել ի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չենք իմացել, որովհետև այն միջավայրում, որը կար 2018 թվականին, թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետև առանց քաղաքական կամքի բացակայության, ընդհանրապես, որևէ հարց հնարավոր չէ լուծել, այսինքն՝ քաղաքական կամքն այն է, թե ինչքանով է Կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախ եկել են այն եզրակացության, որ քաղաքական կամքն արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի, և այդպես էլ հանգել են այն եզրակացությանը, որ պետք է ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե։
«Այսքան մարդ ունի այդքան ծանոթ, դասարանցի, ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան և այլն, և այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը, մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, եթե դատական օղակն էլ երեք հատ կա, մի փոքր առաջին ատյանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր էլ վճռաբեկը լավ վերաբերվի, մի փոքր էլ իշխանության կամ հնարավոր ազդեցության տեղերից, մի փոքր էլ ազդեցություն՝ որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եթե վերլուծենք՝ կտեսնենք, գնում, գնում, հաղորդագրություն, հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, վերջը ի՞նչ է լինում։ Ու հետո հասկանում ես, որ վերջ չի լինելու»,– ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով դրա ազդեցությունը իրավապահ մարմինների գործունեության վրա։ Նրա համոզմամբ՝ կայունության հաստատումը նպաստում է իրավապահների արդյունավետ աշխատանքին։
Վարչապետը անդրադարձել է նաև Արթուր Նահապետյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակվելու փաստին՝ կարևորվելով նրա դատավոր լինելու փորձը։ Նրա համոզմամբ՝ դա կօգնի, որպեսզի կոմիտեից դուրս եկող գործերն ունենան իրավական հավասարակշռված մոտեցում։
Նա նաև խոսել է այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են իրավապահ համակարգի համար խոսքի ազատության և սոցիալական ցանցերի ներկայիս դինամիկ պայմաններում՝ նշելով, որ համակարգը սկսում է հարմարվել և պաշտպանվել նման ճնշումներից։
Փաշինյանն անդրադարձել է նաև գաղտնալսումների թեմային՝ շեշտելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, թե երբ և ինչպես կարող է իրականացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն։
«Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակվում և այլն։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չէ։ Օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է և, ընդ որում, բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերը, երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունը, նորությունն այն է, որ քանի որ մեզ համար հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և սկզբունքային է, կառավարությունն, այո, հնարավորինս ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»,– նշել է վարչապետը։
Փաշինյանը շեշտել է, որ եթե իրավապահ մարմինները չզարգացնեն իրենց տեխնիկական ռեսուրսները, ապա չեն կարողանա արդյունավետ պայքարել հանցավորության դեմ, որը նույնպես տեխնոլոգիական միջոցներ է կիրառում։
Վարչապետն ընդգծել է, որ այժմ քննչական մարմինները վարում են գործերն այն տրամաբանությամբ, որ նույնիսկ եթե վկաները հետագայում հրաժարվեն ցուցմունքներից, եղած ապացույցների փաթեթը լինի բավարար՝ գործի իրավական ավարտն ապահովելու համար։
Վերջում Փաշինյանը նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նկատվում է որոշակի աշխուժություն, և ներկայում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պայքարը դարձնելու առավել արդյունավետ։
«Դա մեր կարևորագույն խնդիրն է, և մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնան այդ քայլին, թե ոչ, և սա է հենց մեր նպատակը: Մեր նպատակն այն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,– ասել է վարչապետը։






