AM
24 Հոկտեմբեր 2025 - 11:14 AMT

ՀԿԿ նախագահը՝ Գյումրիում մեծաթիվ ուժերի ներգրավման և ձերբակալման պահին Ղուկասյանի վազելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Հանրային հեռուստատեսության եթերում՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը քաղաքապետարանում տեղի ունեցած գործողություններին, ասել է, որ հոկտեմբերի 20-ին՝ նույն օրը և ժամին, իրականացվել են տասնյակ խուզարկություններ, որոնցից առնվազն երկուսը՝ Գյումրու քաղաքապետարանի տարածքում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու էր ձերբակալումից հետո վազում Վարդան Ղուկասյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասել է. «Հավանաբար, նպատակն այն էր, որպեսզի այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար նրան հասանելիություն ունենալ», հայտնում է Auroranews.am-ը։

Նա նշել է, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ արվեցին, որոնցով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի օրինական գործողություններին և արգելել, որ քննիչն ի կատար ածի անձին ձերբակալելու որոշումը:

«Այդ պահից սկսած նոր ուժեր ներգավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունները կատարել»,- ասաց Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում էին նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, որոնք 2 ամսով կալանավորվեցին։