AM
24 Հոկտեմբեր 2025 - 11:21 AMT

Բաթոյան․ Առաջարկել եմ ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է համաժողովի, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա հիմնված ծառայությունների զարգացմանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներառական աշխատաշուկա և տնտեսական մասնակցություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ խոսել եմ կրթություն-աշխատաշուկա կապի, հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության ծրագրերի և աշխատանքի հնարավորությունների մասին։

Խոսել եմ եվրոպական փորձի վրա հիմնված իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության քվոտա»,–ասվում է գրառման մեջ։

Բաթոյանը նշել է, որ նման մոտեցում կիրառվում է ԵՄ 27 երկրներից 21-ում։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև գործատուների առջև ծառացած խոչընդոտներն ու դրանց լուծումները՝ «Վիվա Արմենիա»-ի փորձով։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ նախընտրում են աշխատել ընդհանուր պայմաններով՝ առանց արտոնյալ կարգավիճակի։

Համաժողովին մասնակցել են նաև Եվրոպական անկախ կյանքի ցանցի (ENIL) գործադիր տնօրեն Ինես Բուլիչը, Եվրոպական հաշմանդամության ֆորումի գործադիր կոմիտեի անդամ Նադիա Հադադը և Եվրոպական նախագծերի տարածաշրջանային պատասխանատու Ֆրենկ Սիոենեն։ Համաժողովը ևս մեկ հնարավորություն էր համագործակցությունների ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման և առաջարկությունների մշակման համար՝ ավելի ներառական և հավասար Հայաստան կառուցելու նպատակով։