«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով կարգալույծ քահանա արդեն նախկին Տեր Արամին, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան, հիշեցրել է, որ վերջինս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա կառավարման մեթոդների երկրպագուն է։
«Մի կարգալույծ տերտեր կա, պարզվում է Կադիրովի մոլի երկրպագուն է, գնացեք պաշտպանեք։ Դուք՝ Փաշինյանի գլխավորությամբ կարող եք գնալ ուր ուզում եք, ինչ ուզում է անեք, բայց դա եկեղեցական արարողություն չէ։ Խնդրանքս ՝ մեր հայրենակիցներին չմոլորեցնեք, տանեք մեղք գործելու, իբր պայմանական պատարագի մասնակից»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա հավելել է, որ անցած տարվա Մյուռոնօրհնեքի արարողությանն ինքը տեսել է այս դահլիճում նստած շատ պատգամավորների որպես Հայ Առաքելական եկեղեցու, Մայր աթոռի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հեզ հետևորդներ, որոնք եկել էին Մայր աթոռ, 7 տարին մեկ իրականացվող ամենակարևոր իրադարձություններից մեկին՝ Մյուռոնօրհնեքին։
«Իսկ հիմա շեֆը ասել է՝ Կտրիճ, բոլորը շեֆի ասածով՝ ասում են Կտրիճ։ Մեկ տարի առաջ որպես առաքինի քրիստոնյա՝ նման բան ոչ մեկ չէր կարող իրեն թույլ տալ։ Նիկոլ Փաշինյանը մի օր կանգնում, մի բան է ասում, բոլորը պարտադիր պետք է կրկնեն։
Նույն Ղարաբաղի հարցով, հետևողական չեք, որովհետև Ղարաբաղի հարցով 2019 թվականին ասել եք «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմին ասել եք՝ հաղթելու ենք, ֆորմեքը հագած, նկարված, Արցախ գնացած, 2021 թվականին ասել եք դե բանակցություններում պրոբլեմ կար, 2022 թվական մի Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք Ղարաբաղից հրաժարվում ենք, որ մեր պետականությունը պաշտպանենք, բոլորդ կրկնում եք»,-ասել է Մանուկյանը։
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։






