AM
24 Հոկտեմբեր 2025 - 11:53 AMT

Կոպիրկին․ ՌԴ–ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք

Ռուսաստան–Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք փոխվում ենք, մեզ շրջապատող աշխարհն է փոխվում։ Հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։

Դա վերաբերում է երկրների կենսական շատ կարևոր շահերին, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է»,- ասել է դեսպանը։

Կոպիրկինը հավելել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միայն տնտեսությամբ չեն սահմանափակվում, որքան էլ վերջինս կարևոր համարվի։ Ռուս-հայկական կապերը, ըստ նրա, գերազանցում են միջպետական հարթությունը և ընդգրկում են նաև ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները։ Այս համատեքստում, ըստ դեսպանի, մեծ նշանակություն ունի մարդասիրական օրակարգը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ նշելով, որ ՀՀ ներքին գործն է:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադիր հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, ՌԴ տարբեր տարածաշրջանների հետ. մասնավորապես հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին: