Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի հարավով նախատեսվող տարանցիկ «Թրամփի ուղու» հարցը ներառված է Մոսկվայի և Երևանի բարձր մակարդակի երկխոսության օրակարգում։
«Այդ հարցը, բնականաբար, քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – ասել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նաև հիշեցրել է Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։
«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», – ընդգծել է Կոպիրկինը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի հարավային՝ Սյունիքի հատվածով ստեղծել ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որն անվանվել է «Թրամփի ուղի» (TRIPP)։ Այդ ճանապարհը Ադրբեջանին կտրամադրի առևտրային մուտք դեպի Նախիջևան։ ԱՄՆ-ն ստանձնել է ճանապարհի վարձակալությունը 99 տարով՝ հնարավորություն ունենալով այն երկարաձգել ևս 99 տարով։
Նույն միջոցառման շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, ԱՄՆ ղեկավարության ներկայությամբ, նախաստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև։






