AM
24 Հոկտեմբեր 2025 - 13:05 AMT

Սիմոնյան․ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վատ է վերաբերվում Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի, աջակիցները սպառնում ու վիրավորում էին լրագրողներին։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ով վիրավորել է, վատ բան է արել, անընդունելի է։ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կան։

«Այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով կարգալույծ քահանա արդեն նախկին Տեր Արամին, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան, հիշեցրել է, որ վերջինս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա կառավարման մեթոդների երկրպագուն է։

Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։