AM
24 Հոկտեմբեր 2025 - 13:09 AMT

Երևանում դրվել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը

Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։ Այդ մասին ասվում է թատրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

«Լավ նորություն ունենք՝ հատկապես թատերասերների և հատկապես Արցախի մայր թատրոնի հավատարիմ հանդիսատեսի համար։

Հայաստանի թատերական գործիչների միության և «Դիալոգ» կազմակերպության, նրանց ղեկավարներ Հակոբ Ղազանչյանի և Յուրի Նավոյանի համագործակցության, ջանքերի և աջակցության շնորհիվ Երևանում դրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի վերակազմավորման հիմքը։

Ահա այսպես՝ սրտացավ և նվիրական մարդկանց շնորհիվ, Արցախի մշակույթի ու պատմության արժեքը հասկացող մարդկանց ջանքերով, մենք՝ տասներեք հոգանոց խմբով, արդեն վերսկսել ենք մեր գործունեությունը և շատ մոտ ապագայում պատրաստվում ենք Ձեր դատին հանձնել մեր առաջին ներկայացումը։ Մեծ հույսեր ունենք, որ ապագայում կկարողանանք ընդլայնել մեր թիմը՝ ներգրավելով նաև թատրոնի մյուս կոլեգաներին»,–ասվում է գրառման մեջ։

Առաջին ներկայացումը, որով հանդես կգա թատրոնը նոյեմբերի 12-ին, պատահականորեն ընտրված չէ․ դա արցախյան բարբառով, Արցախի համ ու հոտով ստեղծագործություն է։

Ներկայացման հիմքում Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունն է։

«Մեր մեծ ցանկությունն է՝ հիշողության թևերով Ձեզ տուն տանել ոչ թե ցավ ու տխրություն, այլ՝ ծիծաղ և ուրախություն պարգևելու ակնկալիքով։

Իսկ այստեղի մեր հայրենակիցների համար սա հիանալի հնարավորություն է՝ հաղորդակիցը դառնալու Արցախի բարբառի համ ու հոտին, նրա պարզ ու անմիջական մարդկանց, միջավայրին և առօրյային։

Արցախն ապրելու է, քանի ապրում է նրա մշակույթն ու ավանդույթները և այդ ամենն արժևորող հայրենանվեր մարդիկ»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։