«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, Ազգային ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ մինչև 2024 թվականը իշխանությունները երբևէ չեն խոսել այդ թեմայով։
«Մինչև 2024 թվականն այս մարդիկ ձայն ու ծպտուն չեն հանել։ Հարցրեք, ասեք՝ ինչո՞ւ մինչ այդ չէիք խոսում։ Պատասխան չունեն։ Սկսել են խոսել այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվեր է իջեցվել՝ հայկական ամենակարևոր ինքնությունը պահպանող ինստիտուտներից մեկը վերացնել։ Սա է մոտիվը։
Գնացեք, կիրակի օրը կարգալույծ եղած քահանայի պատարագին մասնակեք, Կադրիովի անունով կերդվեք, չմոռանաք։ Սա, իսկապես, ողբերգություն է։ Որտեղ հասել է ձեր ձեռքը, ապականել եք, քանդել եք, ավիրել եք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ հազարամյակներով հայերով բնակցված Արցախում այսօր հայ չի ապրում «այս իշխանության արկածախնդիր քաղաքականության հետևանքով, հիմա էլ ուզում են քանդել 1700-ամյա եկեղեցին»։
«Դա է ձեր ոճը, ձեր ձեռագիրը՝ քանդել ցանկացած բան, որ հայկական ինքնության, հայ ժողովրդի պահպանման մասին է»,–ասել է նա։
Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։






