AM
24 Հոկտեմբեր 2025 - 14:16 AMT

ՔՊ պատգամավոր Սարուխանյանի զոքանչը Գյումրիում ձերբակալվածների թվում է. Չի միջնորդելու, որ ազատեն

ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հաստատել է, որ իր զոքանչը, ով Գյումրիի համայնքապետարանի աշխատող է, ևս ձերբակալվել է, հայտնում է News.am-ը։

Երբ նրան հարցրել են՝ արդյոք ձերբակալությունը կապված է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու հետ, Սարուխանյանը պատասխանել է. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։

Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։ Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»։

Այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է միջնորդել կամ օգտագործել իշխանական կապերը՝ զոքանչին ազատելու համար, Սարուխանյանը բացասական պատասխան է տվել։

«Բացարձակ, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին և ընդունելու եմ այն որոշումը, որ կայացնելու եմ իրավապահ մարմինները»,–ասել է նա։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։