Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ նախագծի մշակման փուլում են, որի նպատակն է նվազեցնել օդանավակայաններում անհարկի քաշքշուկի մեջ ընկնելու հավանականությունը։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«ԱԱԾ–ի հետ կարևոր բարեփոխման վրա ենք աշխատում, որը հնարավորություն կտա տարբեր օդանավակայաններից նախնական տեղեկատվություն ունենալ ուղևորների մասին։ Այսինքն մինչև ուղևորի գալը ՀՀ մենք տեղեկատվություն կունենանք նրա շարժի մասին, դրա միջոցով կկարողանանք վերլուծել, հասկանալ որոնք են ռիսկերը, և միայն ամենառիսկայիններին կանցկացնենք կարմիր ուղով, այլ ոչ թե բոլոր մարդկանց»,– ասել է Հակոբյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ առկա է նաև ռիսկերի կառավարման մեխանիզմ, որի միջոցով առանձնացվում են այն ուղևորները, ովքեր նախկինում խախտումներ են կատարել։
«Մենք գույքագրել ենք բոլոր մարդկանց և ռիսկի պրոֆիլներ ենք սահմանել։ Մեր համակարգում առանձնացրել ենք այն մարդկանց, որոնք փորձել են անօրինական տեխնիկա բերել»,– նշել է նա։
Հակոբյանը հավելել է, որ ռիսկերի այս մոդելն արդեն գործարկվել է և այս պահին թիրախային մոտեցմամբ է գործադրվում։






