AM
25 Հոկտեմբեր 2025 - 07:48 AMT

FIP. Վերջին տարիներին ՀՀ–ում աճել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը

2024 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 98 և ֆիզիկական բռնության 101 դեպք։ Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության գործերով աճ է նկատվել հատկապես որոշ հոդվածների մասով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ու սեռական բռնության ցուցանիշների միտումները՝ 2021-2025թթ․ ընթացքում։

2023 թվականին, օրինակ, գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 90 և ֆիզիկական բռնության 96 դեպք, մինչդեռ 2022 թվականին այդ թվերն ավելի ցածր են եղել՝ համապատասխանաբար 51 և 49 դեպք։

Ըստ այս տարվա հունվար-հուլիս ամիսների տվյալների՝ արդեն արձանագրվել է սեռական բռնության 49 և ֆիզիկական բռնության 72 դեպք։

FIP.am-ի վերլուծության շրջանակում ուսումնասիրվել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները՝ անչափահասների դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցված վարույթների մասով։ Համաձայն այդ տվյալների՝ 2025 թվականի առաջին կիսամյակում դատարան են ուղարկվել սեռական ոտնձգության 20, ֆիզիկական ներգործության 6 և ծանր մարմնական վնասի հասցման 3 քրեական գործեր։ Միևնույն ժամանակ, կարճվել է սեռական ոտնձգության 25, ֆիզիկական ներգործության 57, միջին ծանրության վնասի 14 և ծանր վնասի 8 վարույթ։

Այս տվյալները վկայում են, որ սեռական ոտնձգությունների դեպքերի ավելացումը անչափահասների նկատմամբ արձանագրվել է ինչպես հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված և կարճված գործերի մակարդակում։