Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների ընդունելությունը, որի ընթացքում նրանց հյուրընկալել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը միության անդամներին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները։
Նաթան արքեպիսկոպոսը, շնորհավորելով ՀՕՄ-ի հիմնադրման 115-ամյակը, բարձր էն գնահատել է միության անխոնջ նվիրումը՝ սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտներում կատարած գործի համար՝ հատկապես շեշտադրելով հայրենազրկված արցախահայությանն ուղղված օգնությունն ու զորակցությունը։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալով՝ Սրբազանը կոչ է արել ՀՕՄ-ի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ դրանց հաղթահարման գործընթացներում։
Հանդիպման ավարտին Սրբազան Հայրը ներկաներին պատգամել է՝ ամուր պահել կապը Հայոց Եկեղեցու և մայր հայրենիքի հետ ու շարունակել իրենց հանձնառությունը ի սպաս հայ ժողովրդի բարօրության։






