Արշակ սրբազանը, անդրադառնալով համացանցում տարածվող և իրեն վերագրվող տեսանյութին, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ եմ համարում արհամարհել»։ Նրա հայտարարությունն իր էջում հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը։
Նա նաև հերքել է այն լուրը, թե ինքը կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ է դրել։
«Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։
Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:
Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։
Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։
Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը,համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսներիհակառակ կողմերը»,–ասվում է Արշակ սրբազանի հայտարարության մեջ։
Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի շարունակական ու զանգվածային խախտումները՝ միաժամանակ նշելով, որ դրանց կանխարգելման ուղղությամբ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում։
Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։






