Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացվող գործողությունները, ուղղված քրեական ենթամշակույթին, արգելված իրերի հայտնաբերմանը, խցերից չթույլատրված առարկաների և ոչ ստանդարտ կահույքի հեռացմանը, առաջացրել են որոշ ազատազրկված անձանց դժգոհությունը, որը ուղեկցվել է ապօրինի պահանջներով, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Հոկտեմբերի 24-ին, վերոնշյալ միջոցառումների հերթական փուլում, ազատազրկվածները խախտել են հիմնարկի բնականոն ընթացքը, հանդես եկել անհնազանդությամբ, դրսևորել անհարգալից ու բացահայտ ագրեսիվ վարք՝ ֆիզիկական ուժ կիրառելով ծառայողների նկատմամբ։
Քրեակատարողական ծառայողների կողմից իրականացված բացատրական և կանխարգելիչ գործողությունների շնորհիվ իրավիճակը նահանջել է։ Ներկայում «Արթիկ» ՔԿՀ-ում մթնոլորտը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության տակ։
«Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- նշում են քրեակատարողական հիմնարկից։






