AM
25 Հոկտեմբեր 2025 - 11:39 AMT

Շարմազանով․ «Ժողովրդավարության բաստիոնը» դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վերջին շրջանում տարածված գաղտնալսումների ձայնագրություններին և տեսագրություններին, ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ «Ժողովրդավարության բաստիոնը» դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան»։

Նա հավելել է, որ նորմալ երկրներում կդատապարտեին ապօրինի գաղտնի տեսանկարահանումն ու տարածումը, իսկ մեղավորներին կպատժեին։

«Եղել եմ, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի հետեւորդ։

Նախագահ Նիքսոնը 1974-ին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից՝ Դեմոկրատական կուսակցության շտաբը գաղտնալսելու համար, հիմա իրավապաշտպան ու միջազգային կառույցները ՀՀ իշխանություններից պահանջելու բան չունե՞ն։

«Ժողովրդավարության բաստիոնը» դարձել է գաղտնի տեսախցիկների կինոդարան։

Շանտաժ, ապօրինի գաղտնալսում, տեսանկարահանում՝ սրանք են «ժողովրդավարական բաստիոնի» սիմվոլները»։

Նորմալ երկրներում անհապաղ մի քանի բան պետք է արվեր.

1.Ապօրինի գաղտնի տեսանկարահանման ու տարածման դատապարտում։

2.Մեղավորների բացահայտում ու օրենքի ամբողջ խստությամբ պատժում։

3.Քաղաքական հրաժարականներ։

Հիշեցման կարգով ասեմ,որ 1974-ին ԱՄՆ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ հրաժարական տալ,քանի որ պարզվեց,որ տեղյակ է եղել 1972-ի մայիս-հունիսին Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրի Դեմոկրատական կուսակցության շտաբում ապօրինի գաղտնալսումներից։

Սրա մասին խոսելու փոխարեն,«սրբերն» ու «անմեղները» սկսել են ինչ-որ «խայտառակ տեսանյութերը դատապարտելու օպերացիան» / չեմ տեսել ու մարդկանց անկողնում «պեղումներ» անելն էլ դատապարտում եմ/:

Ամենամեծ խայտառակությունն այս իշխանությունների հայրենիք հանձնելու ու Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու «քաղաքականությունն» է։

Ես դատավոր չեմ ու ոչ էլ անմեղ եմ, որ դատեմ մարդկանց ։

Ես ոտքից գլուխ մեղավոր անձ եմ, մեկը լինի ինձ դատի։

Բայց թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել։

Մենք բոլորս էլ մեղավոր ենք ու հերիք է երկրի վրա սրբեր փնտրել։

Ու միշտ հիշենք՝ ինչպե՞ս դատենք,այնպես էլ կդատվենք։

Կամ ավելի ճիշտ՝ «ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու» (Մատթ. Է 1):

Մեր բոլորիս միակ դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։

Եղել, կամ ու լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի գլխավորած առաքելական հոտի խոնարհ ներկայացուցիչ»,–գրել է նա։

Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի շարունակական ու զանգվածային խախտումները՝ միաժամանակ նշելով, որ դրանց կանխարգելման ուղղությամբ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում։