Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։
Պատարագի ընթացքում միակ քաղաքացին, ով փորձ է արել արտահայտել իր տարակարծությունը, բառի բուն իմաստով լռեցվել է․ ձեռքով փակել են նրա բերանը և բռնի կերպով հեռացրել են եկեղեցուց, երբ փորձել է բացականչել՝ Ստեփան Ասատրյանը՝ նույն ինքը կարգալույծ հռչակված Տեր Արամը, «իրավունք չունի պատարագ մատուցելու», հայտնում է «Ազատությունը»։
Նշվում է, որ այս միջադեպից քիչ անց նախկին քահանան եկեղեցու խորանից երախտիքի խոսքեր է շռայլել վարչապետ Փաշինյանին իր «բերանը բաց պահելու» համար. «Իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով, երբ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը, իսկ Աստված խոսում է մի պայմանով, որովհետև սիրում է իր ժողովրդին, որովհետև ուզում է, որ իր ժողովուրդը Աստծո խոսքը լսի: Պարոն վարչապետ, Ձեր ներկայությունն այս բերանի բաց պահելն է»:»:
Նրա այս խոսքերից հետո ներկաներից ոմանք ծափահարել են։
Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ Հովհաննավանքում իշխանական դեմքեր գրեթե բոլոր անկյուններում կարելի էր տեսնել՝ պատգամավորներ, մարզպետներ, ավագանու անդամներ, ցանկը կարելի է շարունակել:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Նախօրեին Արագածոտնի թեմը հայտնել է, որ մի շարք հոգևորականներ ծանուցագրեր են ստացել Քննչական կոմիտե ներկայանալու՝ որպես վկա հարցաքննվելու։ Նրանք արձագանքել են, թե չեն կարող ներկայանալ՝ ընդգծելով, որ իրավապահները փորձում են Արագածոտնի մարզը թողնել առանց պատարագի։
Տեր Արամը չի ընդունել Մայր Աթոռի որոշումը։ Այն օրը, երբ նրան եկեղեցուց հեռացնելու ծանուցագիր է ներկայացվել, տաճարի բակում սկսվել է հրմշտոց։ Ի վերջո, իրավիճակը սրվել է՝ աշխատող լրագրողների հասցեին հնչել են նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանների մշտական հսկողության ներքո կարգալույծ քահանան շարունակել է իր ծառայությունը: Իսկ արդեն հոկտեմբերի 26–ին ուժայինների թիվը Հովհաննավանքում շատ ավելի մեծ էր: Չնայած Փաշինյանի վստահեցումներին, թե կաթողիկոսին հեռացնելու արշավն ինքը ոչ թե որպես վարչապետ, այլ որպես հասարակ հայ քրիստոնյա է առաջնորդում, անվտանգային միջոցառումների շառավիղը մի քանի կիլոմետրի էր հասնում: Մայրուղու տարբեր հատվածներում պարեկային ծառայության բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, հիմնական ճանապարհից Հովհաննավանք տանող փողոցները փակ էին, եկեղեցուն հարակից տարածքում էլ ոստիկանությունն էր հերթապահում՝ անձամբ ոստիկանապետի հսկողությամբ:
«Ու մինչ վարչապետ Փաշինյանը կարգալույծ հռչակված քահանայից շնորհակալական խոսքեր էր ստանում, մի խումբ քաղաքացիներ Մայր Աթոռի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանին ու թեմի հոգևորականներից Հայր Շնորհք աբեղա Պալոյանին Հովհաննավանքին մոտենալ թույլ չէին տալիս. վերջինիս պարզապես խնդրում էր գնալ եկեղեցի աղոթելու համար. «Աղո՞թնքն էլ եք արգելում», – ասում էր հոգևորականը:
Վարչապետն ինչպես ծափողջյունների ներքո եկավ, այնպես էլ հեռացավ, նրան մոտենալու ու հարց տալու հնարավորություն չունեցանք. անվտանգության աշխատակիցները արգելափակել էին մեր ճանապարհը»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ավելի ուշ եկեղեցում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ. մի քաղաքացի Տեր Արամի ձեռքից վերցրել է Ավետարանը՝ հայտարարելով, թե վերջինս իրավունք չունի այն պահել։ Դրան ի պատասխան պատարագին մասնակցած մեկ այլ հոգևորական արձագանքել է փողոցային լեզվով. «Դավայ, դավայ, մարշդ քաշի ստեղից, դավայ հլը հելար, դավայ…»
Վաղ առավոտյան տեսանյութ հրապարակելով՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հովհաննավանքի պատարագը «Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում:
Թե կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն՝ վարչապետը չմանրամասնել: Ամիսներ առաջ, երբ այս արշավը դեռ նոր էր թափ հավաքում Փաշինյանը Էջմիածնում սպասվող հոգևոր հավաքի մասին էր ազդարարել, որը մինչ այս պահը չի անցկացվել: Արդյոք առաջիկայում նման քայլի կգնան՝ տեղեկություն չկա:
Պատարագից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձե; ենք պարզաբանումներ ստանալ. «Սա ամենատիպիկ գործնական քայլն է, որ այս իրականության մեջ եկեղեցի են գալիս, պատարագի են գալիս տասը հազար և ավելի մարդ, իսկ կարող է մենք եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատենք և միշտ գան տասը հազար և ավելի մարդ և չգնան մի քանի տասնյակ մարդ», – ասել է նախարարը:
Այն դիտարկմանը, որ հավաքվածների շարքերում քիչ չէին նաև ամենատարբեր օղակները ներկայացնող իշխանականները «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահն այսպես է արձագանքել. «Մենք իրավունք չունե՞նք գնալու պատարագի, իրավունք չունե՞նք հաղորդություն ստանալ, էս բաժանումը ես չհասկացա»:
Հովհաննավանքի ներսում և շրջակայքում ներկա էին նաև ՔՊ-ական համայնքապետեր։ Թալինի քաղաքապետն իր սոցիալական էջերում հայտնել է, որ պատարագին ներկայացել է համայնքի բնակիչների հետ միասին։
Նույն օրը Մայր Աթոռում անցկացված պատարագի ժամանակ կաթողիկոսի թափորի հետ քայլել է նաև կարգալույծ հռչակված Տեր Արամի հարազատ եղբայրը՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը։ Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հոգևորականների հետ զրույցում քննադատաբար է անդրադարձել եղբոր գործողություններին՝ դրանք որակելով անընդունելի։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ նոյեմբերի 2-ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում նախատեսված պատարագին։
«Հոգեւոր նորոգում. հաջորդ կիրակի նույնպես կհանդիպենք Հովհաննավանքում»,–գրել է նա։
«Այսօր մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։ Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը առաջին հերթին նորոգման օրակարգ է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների, մեզնից յուրաքանչյուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ է։ Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին։
Հուսով եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգի կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ։ Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ Սուրբ և Անմահ պատարագի»,–ասել է վարչապետն իր տեսաուղերձում։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տեր Արամ Ասատրյանին կարգալույծ է հռչակել, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այդ որոշումը։






