AM
27 Հոկտեմբեր 2025 - 07:32 AMT

Ղուկասյանի նկատմամբ նոր քրհետապնդում է հարուցվել

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի (լիազորությունները կասեցված են) փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ նախաքննական մարմինը նոր քրեական հետապնդում է նախաձեռնել՝ սեպտեմբերի 16-ին և 23-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում նրա արտահայտած մտքերի համար։

Համաձայն հայտարարության, այդ խոսքերը համարվել են «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ»՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի։

«Գտնում ենք, որ այս մեղադրանքը որևէ աղերս չունի ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հետ և պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է հետևյալ պարզ պատճառաբանությամբ․ Առաջին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օգտվելով իր հիմնարար իրավունքից, ընդամենը կարծիք է արտահայտել՝ համեմատություն անելով աշխարհի այլ պետությունների կողմից միմյանց հետ փոխադարձ ընդունելի միություն կազմելու վերաբերյալ։

Վարդան Ղուկասյանն իր խոսքում մի քանի անգամ ընդգծել է, որ դա անհրաժեշտ է անել ՀՀ անկախ պետականությունը պաշտպանելով և այն պաշտպանելու համար։ Նրա խոսքը հասանելի է համացանցում։ Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր հայտարարությունները նույնպես պետք է վկայեն հանցագործության մասին։ Ավելին, Հայաստանն արդեն իսկ անդամ է մի շարք միությունների, որոնց թվում են՝ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլ կազմակերպություններ»,-ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանական կողմը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այս քրեական հետապնդումը հարուցվել է այդ «հանցավոր» խոսքն արտահայտելուց ավելի քան մեկ ամիս անց՝ շաբաթ օրով, հաջորդելով այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ընդամենը օրեր առաջ։

«Իրավապահ մարմինների այս գործելաոճն ուղղակիորեն ապացույց է, որ այս մեղադրանքն իրավական սկզբունքների հետ աղերս չունի։ Եթե այն դիտարկվում էր որպես «հանցագործություն», ինչո՞ւ քրեական հետապնդումը չէր հարուցվել այդ դիրքորոշումն արտահայտելուց անմիջապես հետո, այլ սպասվել է ավելի քան մեկ ամիս՝ շաբաթ օրով»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այս զարգացումները հաջորդել են վարչապետի այն ելույթին, որտեղ նա, ըստ փաստաբանների, ակնարկել է Գյումրիի քաղաքապետին քաղաքական դաշտից հեռացնելու անհրաժեշտության մասին։

«Երրորդ՝ ակնհայտ է, որ այս քրեական հետապնդումը, ինչպես նախորդը, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված՝ Գյումրի քաղաքի ընտրված քաղաքապետին քաղաքական կյանքից դուրս շպրտելու հրահանգի շրջանակներում։

Չորրորդ՝ բռնության տարրեր չպարունակող խոսքը, որն իրականում եղել է ընդամենը դիրքորոշում, անձնական կարծիք, միջազգային բոլոր չափորոշիչների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված սկզբունքների համատեքստում չի կարող երբևէ որակվել որպես հանցագործություն։

Վերոգրյալ անհերքելի փաստերի հիման վրա դատապարտում ենք հարուցված քրեական հետապնդումը և պայքարելու ենք հնարավոր բոլոր իրավական գործիքների կիրառմամբ՝ խաթարված արդարությունը վերականգնելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։