AM
27 Հոկտեմբեր 2025 - 07:51 AMT

«Հետք»․ Փաշինյանի պնդումն անհիմն է՝ Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ բորբոքված կրքերին և, մասնավորապես, Հովհաննավանքի այլևս նախկին հոգևոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել և այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարել էր, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում։

«Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի՝ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռին»,– գրում է «Հետքը»։

«Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած՝ նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովհաննավանքը, բայց առանց փաստերը ստուգելու, շարունակել է թեման ու խոսել «բարոյական եւ իրավական» հիմքերով հուշարձանները Մայր Աթոռից հետ վերցնելուց:

Բանն այն է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:

ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ, համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին:

Հողամասի չափը, ըստ Կադաստրի կոմիտեի քարտեզի, 7.896 քմ է կամ 0․78 հեկտար: Այս հողամասն է, որ 2005-ին ՀՀ կառավարությունն անհատույց օտարել է ՀԱԵ-ին: Նկատենք, սակայն, որ Կառավարության որոշման մեջ Հովհաննավանքի հողամասը նշված է 8.900 քմ:

Այդ որոշման համաձայն՝ Արագածոտնի մարզում Մայր Աթոռին են հանձնվել վերջինիս պատկանող 21 եկեղեցու և վանքի հողատարածքները, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 86,770 քմ կամ 8.67 հեկտար: Ընդհանուր առմամբ, 2005 թվականին կառավարությունն անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին է փոխանցել Երևանում և 10 մարզերում գտնվող 172 եկեղեցու ու վանքի հողատարածքները, իսկ ևս 6-ի մակերեսները ենթակա են եղել ճշգրտման և այնուհետև՝ օտարման:

ՀԱԵ-ն՝ որպես Հովհաննավանքի և մի շարք այլ եկեղեցիների ու վանքերի հողատարածքների ու շենք-շինությունների օրինական սեփականատեր, ունի ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված իրավունքներ այդ գույքի նկատմամբ:

Սահմանադրության 60-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»: Այսինքն՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում կարգալույծ ճանաչված Ստեփան Ասատրյանի, նրա պաշտոնական կամ ոչ պաշտոնական աջակիցների մասնակցությամբ, իրականացվում է Մայր Աթոռին պատկանող տարածքում՝ խախտելով նրա իրավունքները:

«Քանի որ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը (որպես երկրի գործադիր ղեկավար՝ ոչ թե որպես շարքային քաղաքացի), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ հանդես են եկել կոշտ, հաճախ նույնիսկ անպարկեշտ արտահայտություններով՝ ուղղված Գարեգին Բ-ին և ՀԱԵ ներկայացուցիչներին, և երբ ԱԺ ամբիոնից հնչում են հայտարարություններ հոգևոր կյանքի բացակայության, խարդավանքների և «ֆեյքերեցների» մասին, իսկ նախկին հոգևորականի վերաբերյալ ասվում է՝ «տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը», անհրաժեշտ է հիշեցնել Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը հստակ ձևակերպում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»,–ասվում է հրապարակման մեջ։

Սա նշանակում է, որ վարչապետի հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՀԱԵ-ին, այլ նաև առերես հակասում են Սահմանադրության դրույթներին:

Ավելի վաղ Փաշինյանն ասել է․ «Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական և իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»։