Հոկտեմբերի 26–ին Գյուտ Խաչի տոնի առթիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում հընթացս Սուրբ պատարագի կատարվել է քահանայական ձեռնադրություն: Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ընթացքում հոգևորականներն ու հավատացյալները առանձնահատուկ աղոթք են բարձրացրել՝ ազատազրկված Միքայել, Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի և բոլոր գերյալների ազատության համար։ Նրանց աղոթքը նաև ուղղված է եղել հայրենի երկրի խաղաղության ու բարօրության խնդրանքին։
Տոնի առիթով Մայր Տաճարում երկրպագության է ներկայացվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների խնկարկման և աղոթքի համար։
Պատարագը հանդիսապետել է Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ում ձեռամբ վեց սարկավագներ՝ տարբեր եկեղեցական կառույցներից, արժանացել են քահանայական ձեռնադրության և օծման։
Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կանչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծել է նրանց ճակատներն ու ձեռքերը, այնուհետև շնորհել նոր հոգևոր անուններ։
Տիգրան սարկավագ Հակոբյանը անվանակոչվել է Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա, իսկ Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։
Նորաօծ հոգևորականներն այնուհետև փոխանցել են իրենց անդրանիկ օրհնությունը՝ ներկա հավատացյալներին։
Մակար Սրբազանն իր քարոզի ժամանակ անդրադարձ է կատարել քահանայության խորհուրդին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ոգի, ներշնչում ու նվիրում է բերում եկեղեցական կյանքին։ Նա նշել է, որ նորընծա քահանաները գալիս են ամրապնդելու հավատն ու սերն իրենց ազգի մեջ՝ միանալով իրենց ավագ եղբայրներին խաչի օրհնյալ ճանապարհին։
«Սիրելի քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և սրբերի կանոններով քայլել՝ առանց հակառակելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհն է և որը տանում է հավիտենական կյանք, իսկ մյուսը, որը լայն է՝ տանում է դեպի կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջ ապրող ու արարող եղբայրներից, ովքեր վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով՝ լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ անշեջ սիրով, և ովքեր իրենց տոկոնությամբ մեզ ուժ են փոխանցում՝ ասելով․ «Եթե կցորդ ենք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին»» (Հռմ․ 8․17), – ասել է Մակար եպիսկոպոսը։
Ճառի ավարտին Սրբազանն ընդգծել է նորաօծների առաքելությունը՝ սրբակեցությամբ, անշեղ հավատով, իմաստությամբ ու համբերությամբ ծառայել Հայաստանյայց Եկեղեցուն՝ խոնարհությամբ ու հանգստությամբ։
Ապա «Ողջույնի» արարողության ժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևոր դասը բարձրացել են Սուրբ Խորան և ողջունել նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը։
Նորընծա քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա աղոթքի և պատրաստության շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:
Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Նախօրեին Արագածոտնի թեմը հայտնել է, որ մի շարք հոգևորականներ ծանուցագրեր են ստացել Քննչական կոմիտե ներկայանալու՝ որպես վկա հարցաքննվելու։ Նրանք արձագանքել են, թե չեն կարող ներկայանալ՝ ընդգծելով, որ իրավապահները փորձում են Արագածոտնի մարզը թողնել առանց պատարագի։






