AM
27 Հոկտեմբեր 2025 - 08:28 AMT

Ռուբինյանը՝ կաթողիկոսի մասին․ Չկա մեկը, որ կպաշտպանի նրան կուսակրոնության փաստարկով

Ագային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չկա Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանող գեթ մեկ մարդ, որը կասի, թե պաշտպանում է Գարեգին Բ-ին, «որովհետև նրան անարդարացիորեն մեղադրում են զավակ ունենալու մեջ»:

«Իրավիճակի աբսուրդն այն է, որ չկա Կտրիճ Ներսիսյանին պաշտպանող գեթ մեկ մարդ, որը կասի. «Ես պաշտպանում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որովհետև նրան անարդարացիորեն մեղադրում են զավակ ունենալու մեջ»:

Ուղղակի չկա նման մարդ: Նույնիսկ ինքը` Կտրիճ Ներսիսյանը իրեն չի պաշտպանում այդ փաստարկով: Որովհետև ինքն էլ, բոլորն էլ գիտեն, որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտը:

Հետևաբար` Կտրիճ Ներսիսյանին պաշտպանողները եկեղեցին կամ եկեղեցական կանոնը չէ, որ պաշտպանում են: Իրենք պաշտպանում են իրենց ընդդիմադիր գործընկերոջը, պաշտպանում են Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին:

Ուզում եք պաշտպանել` պաշտպանեք, ձեր իրավունքն է: Բայց կներեք, եկեղեցին ընդհանրապես պարտավոր չէ լինել ձեր բալագանի մաս, ձեր ընդդիմադիր գործունեության վահան, ձեր քաղաքական կապիտալ: Ու չի լինելու: Հաստատապես չի լինելու»,–գրել է նա։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։