AM
27 Հոկտեմբեր 2025 - 08:35 AMT

Կարապետյան․ Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հղած ուղերձում, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին, նշել է, որ դրանք հաստատել են իր վատագույն կանխատեսումները։

Նա նշել է, որ «Մեր Ձևով» շարժումը» շարունակելու է պաշտպանել արժեքներն ու սրբությունները։

«Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։

Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ամբողջ հայության դատապարտմանը և զայրույթին։

Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում:

Անելու ենք՝ Մեր ձևով»,–ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։