AM
27 Հոկտեմբեր 2025 - 09:40 AMT

«Արթուն ենք» շարժում․ Դիմավորենք ընդդիմության վարչապետի թեկնածու Համբարձումյանին «Զվարթնոցում»

«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Մասիսի համայնքապետ և խորհրդարանական ընդդիմության կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը վերադառնալու է Երևան հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին։

Շարժումը կոչ է անում դիմավորել նրան օդանավակայանում։

«Այդ օրը Նիկոլի բռնատիրական ռեժիմը նրան կկալանավորի։ Դատարանի համապատասխան վճիռը, միանգամայն կեղծ ու շինծու գործով, արդեն իսկ կայացված է՝ Դավիթ Համբարձումյանն ապօրինի դատապարտվել է 6 տարի, 3 ամիս ազատազրկման մի միջադեպի համար, որի ոչ մի մասնակից կամ տուժող որևէ քրեական գործում չկա։ Շատերը դա կոչում են նոնսենս, իսկ մենք՝ քաղաքական հետապնդում։

Նիկոլի ու դավաճան իշխանությունների մոտիվները մեզ համար պարզ են։ Դրանց հիմքում աթոռազրկվելու, իշխանությունը կորցնելու վախն է։ Եվ այդ վախը հիմնավոր է։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Դավիթ Համբարձումյանը, Նիկոլի ու նրա դատաիրավական համակարգի որոշումները ոչինչ չեն փոխում։ Պայքարը շարունակվում է և մենք հասնելու ենք մեր նպատակին։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին»,- ասվում է «Արթուն ենք» շարժման հայտարարության մեջ։

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի դատապարտմանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, դա որակել է «իրավական նոնսենս»։