Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբերի 15-ից սկսած մինչև մարտի 31-ը ներառյալ, բոլոր տրանսպորտային միջոցների համար սահմանվում է պարտադիր պահանջ՝ շահագործվել միայն ձմեռային անվադողերով։
«Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝
- թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
- սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը ընդգծել է, որ նշված պահանջների չկատարման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։






