ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն։
«Այստեղ պետք է նշեմ Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը, և այլն»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։
Միրզոյանի խոսքով՝ երկու հասարակությունների միջև վստահության պակասը շարունակում է մնալ լուրջ խոչընդոտ խաղաղության համար։
«Կան բազմաթիվ այլ հարցեր, և եթե ինձ հարցնեիք (իմ մասնավոր դիտարկումը, դիրքորոշումն այս մասին), այնուամենայնիվ, մեծ խոչընդոտ է, բարդություն է, հետք է, նաև կոնֆլիկտի բնական, օբյեկտիվ հետք է, որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պիտի գործադրվեն ու գործադրվեն: Դա, անշուշտ, երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են: Դա, կրկին օբյեկտիվորեն՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև: Բայց մենք, հավատալով Հայաստանի շուրջ խաղաղ, համագործակցային մթնոլորտի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- ընդգծել է Միրզոյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Նա ասել է նաև, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






