AM
27 Հոկտեմբեր 2025 - 12:44 AMT

Գալյանը՝ Արշակ սրբազանին առնչվող տեսանյութի մասին․ Եթե ֆեյք չէ, պետք է պարտադիր հաղորդում ներկայացվի

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութին՝ այն որակելով անընդունելի։

«Երևույթն ուղղակի անընդունելի է։ Անձական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է, նաև քրեորեն պատժելի: Եվ եթե տեսանյութը ֆեյք չէ, ապա, կարծում եմ, անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն և պարտադիր պետք է քրեական գործ քննվի»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ տեղյակ չէ՝ քրեական գործ հարուցված է, թե ոչ, ենթադրում է, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքն անձնական կամ ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման մասին է։

Ինչ վերաբերում է ընդհանրապես գաղտնալսումներին, նա նշել է. «Գաղտնալսումներն իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապում են միայն հանցագործությունների կանխման, բացահայտման հետ»։

Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։ Արշակ սրբազանը, անդրադառնալով համացանցում տարածվող և իրեն վերագրվող տեսանյութին, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել»։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի շարունակական ու զանգվածային խախտումները՝ միաժամանակ նշելով, որ դրանց կանխարգելման ուղղությամբ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում։