«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չի կարելի համարել լիովին բացահայտված, քանի դեռ չի ուսումնասիրվել դրա հնարավոր արտաքին քաղաքական բաղադրիչը։
«Իհարկե, «Հոկտեմբերի 27–ը» բացահայտված չէ։ Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ քանի դեռ արտաքին քաղաքական վարկածը չի ստուգվել, չի ճշտվել, այն բացահայտված համարել չի կարելի»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ անգամ ամենահզոր արտաքին ուժերը չէին կարող գործել՝ առանց ներսում աջակցություն ունենալու։ Ըստ Սարգսյանի՝ նման գործողությունը հնարավոր չէր իրականացնել առանց ներսից աջակցություն ստանալու։
«Այդ առումով երեք անգամ հարցաքննվել եմ։ Վերջին անգամ՝ երկու ամիս առաջ»,–ասել է նա։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է լիարժեք բացահայտվի։
Լրացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի ահաբեկչության 26-րդ տարելիցը, որի հետևանքով զոհվել էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ պետական գործիչներ։






