AM
27 Հոկտեմբեր 2025 - 13:59 AMT

Միրզոյան․ Մարտին ՀՀ-ն որոշեց համաձայնել 2 վիճելի կետին՝ ամբողջ համաձայնագրի գործընթացը չխաթարելու համար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը վերջին փուլում համաձայնություն տվել Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնց ի սկզբանե համաձայնություն չէր տվել։ Հարցին նա պատասխանել է Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, որ մինչ այդ հոդվածների շուրջ Երևանի համաձայնությունը ստանալը Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սյունիքի ուղղությամբ, սակայն համաձայնությունից հետո այդ կրակոցները դադարել են։

ԱԳ նախարարը պարզաբանել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում ինչ-որ պահի եկան այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը և ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված և թղթին հանձնված համաձայնությունները, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի դյուրին կերպով կընթանան և ավելի դրական լուծման հնարավորություն կունենան արդեն հաստատված խաղաղության պայմաններում: Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերին հայտարարեցինք, որ տեքստը փոխհամաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման տեղի և ամսաթվի հստակեցման շուրջ»,- նշել է Միրզոյանը։

Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի մարտին հայտնեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։ Հայաստանը մինչ այդ համաձայնություն չէր տալիս Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնցից մեկը վերաբերում էր համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելուն, իսկ մյուսը՝ միջազգային դատարաններից միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ քաշելուն։ Սակայն վերջնարդյունքում Հայաստանը համաձայնություն տվեց այդ հոդվածներին, և կողմերը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։

Օգոստոսի 8-ին նախաստորագրել են փաստաթուղթը։