Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է առաջիկա տարում ակտիվացնի իր քայլերը՝ միտված Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացին։
«Ուզում եմ միանգամից և աներկբա կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել։ Այս մասին են վկայում Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության բովանդակությունը և 2025 թվականի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները»,-նշել է նախարարը, գրում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որով մեկնարկվել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Օրենքն ընդունվել է 2025 թվականի մարտին՝ քաղաքացիական նախաձեռնության հիման վրա ներկայացված նախագծով։
«Այս քաղաքականությունը իմպերատիվ է Կառավարության և, մասնավորապես, արտաքին գործերի նախարարության համար։ Մենք պետք է 2026 թվականին ակտիվացնենք մեր ջանքերն անդամակցության ուղղությամբ։ Հայաստանը ձգտում է միանալ ժողովրդավար, զարգացող և բարգավաճ երկրների ընտանիքին»,- ասել է Միրզոյանը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ չվերացնելով բազմակողմ համագործակցության ձևաչափերը։
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին:






