AM
27 Հոկտեմբեր 2025 - 14:48 AMT

Երևանն ու Բաքուն քննարկում են «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի համար «3+3» ձևաչափով հանդիպումներն առանձնահատուկ կարևորություն ունեն։

Նա հավելել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը, հայտնում է Aysor.am-ը։

«Ընդհանրապես, մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, եվրասիական ինտեգրման մաս ենք, բայց սրանք պակաս կարևոր չեն դարձնում մեր շփումը մեր անմիջական հարևանների հետ։ Բոլոր մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումներ եղել են, այժմ մեր և Ադրբեջանի հերթն է հյուրընկալելու ձևաչափը։ Հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը: Առաջիկայում այստեղ էլ, երևի, ինչ-որ լուծման կգանք»-, հավելել է նախարարը։

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր ասել այդ մասին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ և ՌԴ–ն Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ է, որովհետև հերթականության հարց կա։