Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին՝ ողջունելով նրանց այցը Հայաստան և կարևորելով Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը։
Նա անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների հետագա խորացմանը։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն առաջ է տարել ժողովրդավարական բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ՝ նպատակ ունենալով տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական աջակցության շարունակական տրամադրումը։
Փաշինյանն ընդգծել է իր ակնկալիքը, որ նիստը կլինի արդյունավետ, միաժամանակ շեշտել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցության ու երկխոսության անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումը փաստ է, և այս փուլում ստեղծվել է նպաստավոր մթնոլորտ՝ շարունակական ու արդյունավետ երկխոսության համար։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ սերտ համագործակցություն են ունեցել հայաստանյան գործընկերների հետ խորհրդարանական հարթակում։ Նրանք նաև դրականորեն են արձագանքել խաղաղության հաստատմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու փոխգործակցության առաջմղմանը։
Քննարկման առանցքում են եղել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը, սահմանների սահմանազատման գործընթացը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ներառում է մի շարք էական բաղադրիչներ և առաջիկայում նախատեսվում է ստորագրել նոր փաստաթղթեր։






