«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ «Եվրանեսթի» ԽՎ–ն պետք է պահանջի Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:
«Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ ոք չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը, բայց տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարության և արդարադատության վրա»,- ասել է Խաչատրյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, արդարադատության երաշխավորումը պահանջում է երկու կողմերի շահերի հարգում ու պաշտպանություն, ինչը ենթադրում է փոխադարձ բարի կամք, սակայն ադրբեջանական կողմի վարքագծում այդ կամքը բացակայում է։
«Մենք, ցավոք սրտի, այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 կմ քառակուսի, միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ տարբեր պահանջներ ներկայացնելով։ Ասում են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որպես նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սա դեմ է սկզբունքներին, որոնք հաստատված են միջազգային փաստաթղթերով։ Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը»,- նշել է պատգամավորը։
Խաչատրյանը նաև անդրադարձել է Արցախից տեղահանված հայության ճակատագրին՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի նկատմամբ։
«Եկեք չանտեսենք, աչք չփակենք էթնիկ զտումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղում այսօր չկա գեթ մեկ հայ, ստիպողաբար տեղահանվել են։
Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում են աչք փակել սրա վրա, արդյո՞ք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձ իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով»,-ասել է նա։
Նա նաև կոչ է արել Եվրանեսթ վեհաժողովին հստակ դիրքորոշում հայտնել հայ ռազմագերիների խնդրի շուրջ՝ ընդգծելով անհապաղ և առանց նախապայմանների նրանց ազատ արձակման անհրաժեշտությունը։
«Վեհաժողովը պետք է բարձրաձայնի, պահանջի առանց նախապայմանների բանտարկյալների ազատ արձակում։
Ես փոփոխություն եմ առաջարկում՝ այս վեհաժողովից ուղերձ ուղարկել Ադրբեջանին, որ չեն հանդուրժվելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից»,- հայտարարել է Արթուր Խաչատրյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին՝ ողջունելով նրանց այցը Հայաստան և կարևորելով Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի անցկացումը։ Փաշինյանն ընդգծել է իր ակնկալիքը, որ նիստը կլինի արդյունավետ, միաժամանակ շեշտել է միջխորհրդարանական ակտիվ համագործակցության ու երկխոսության անհրաժեշտությունը։






