Լեռնային Ղարաբաղից բռնի տեղափոխված քաղաքացիների զբաղվածության ապահովման պետական ծրագրով 2024-2025 թվականների ընթացքում նախատեսված 2469 ծրագրից այս տարվա ընթացքում իրականացվել է 670-ը։ Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Նա հավելել է, որ 2025 թվականին ընդհանուր առմամբ պլանավորվում է իրականացնել 1000 ծրագիր, հայտնում է Արմենպրեսը։
Բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչից:
Առաջինը նախատեսում է մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում շահառուների համար։ Այս ընթացքում նրանց տրամադրվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով, ինչպես նաև 50,000 դրամի չափով կրթաթոշակ։ Դասընթացներն ավարտելուց հետո շահառուն պարտավոր է առնվազն երեք ամսով կնքել աշխատանքային պայմանագիր գործատուի հետ, որի դեպքում գործատուին տրամադրվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ աշխատավարձի մասով, ինչպես նաև մինչև երեք ամիս նույն չափով՝ հարկային ու սոցիալական վճարների փոխհատուցման նպատակով։
«Գործատուն անպայման պետք է ունենա թափուր հաստիք և դա տրամադրի միասնական սոցիալական ծառայությանը, իսկ մենք կտրամադրենք մարդկանց ցուցակ, որոնք կհամապատասխանեն գործատուի պահանջներին: Գործատուն նրանցից կընտրի որևիցե մեկին, որի հետ կցանկանա լինել աշխատանքային հարաբերությունների մեջ»,- մանրամասնել է Ժորա Սարգսյանը։
Ծրագրի երկրորդ բաղադրիչը նախատեսում է նվազագույնը վեց ամսով աշխատանքային պայմանագրի կնքում շահառուի և գործատուի միջև։ Առաջին եռամսյակում շահառուն հնարավորություն է ստանում աշխատանքային փորձ ձեռք բերել, իսկ գործատուին այդ ընթացքում տրամադրվում է ամսական 165,000 դրամ՝ որպես փոխհատուցում աշխատավարձի համար։ Այս փուլից հետո երեք ամիս ժամկետով իրականացվում է եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և անհրաժեշտության դեպքում սոցիալական վճարի փոխհատուցում՝ մինչև 50,000 դրամ ամսական։
«Ցանկացած ծրագրի համար մենք կազմում ենք շահառուների քանակ, որպեսզի կարողանանք տեսնել, թե մեր ծրագրի համար ինչքան գումար է անհրաժեշտ, հետևաբար ծրագրից օգտվողների քանակը չի կարող լինել անսահմանափակ»,- ընդգծել է նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության ղեկավարը։
Երրորդ բաղադրիչը համադրում է մասնագիտական ուսուցումն ու փորձառությունն ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։ Այս տարբերակով շահառուն նախ ստանում է մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս ժամկետով՝ նույն պայմաններով՝ 50,000 դրամ ուսման վճարի և այդքան էլ կրթաթոշակի տեսքով։ Դասընթացն ավարտելուց հետո կնքվում է առնվազն վեց ամսյա պայմանագիր գործատուի հետ, որից երեք ամիսը նախատեսված է փորձառության համար։ Այդ ընթացքում գործատուին տրամադրվում է փոխհատուցում՝ ամսական 165,000 դրամ։ Այնուհետև, մինչև երեք ամիս ժամկետով, վճարվում է մինչև 50,000 դրամ ամսական՝ եկամտային հարկի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։
«Հիմնականում շահառուները դիմում են այն ոլորտների համար, որտեղ շատ բարձր որակավորում չի պահանջվում: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հնարավոր է շատ կարճ դասընթացներով կամ գործատուի մոտ պրակտիկայով անցնել աշխատանքի: Ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ վաճառող, դիմահարդար, մատնահարդար, հրուշակագործ, հացթուխ, հաշվապահ, հաշվետար, վարորդ, առաքիչ, գանձապահ, դերձակ, բանվոր և այլն: Ծրագրից օգտվողների հետաքրքրվածությունը անցյալ տարի բավականին բարձր էր, դրա համար մենք ավելացրեցինք շահառուների թիվը։ Այս տարի ծրագրից օգտվողների քանակը գնահատում ենք բավարար»,- եզրափակել է Ժորա Սարգսյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






