AM
28 Հոկտեմբեր 2025 - 09:04 AMT

Իոաննիսյանը հակված է մտածելու, որ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրություններն արվել են պետկառույցների կողմից

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հակված է մտածելու, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող գաղտնի նկարահանումն իրականացրել են պետական որոշ հաստատություններ, հայտնում է Aysor.am-ը։

«100 տոկոսանոց վստահություն չունեմ։ Այս պահի դրությամբ չունեմ ավելի տեղեկատվություն, քան՝ դուք։ Այդ դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որի հիման վրա, կարծես թե, արդեն վարույթ է հարուցվել։ Դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ընթացք են տվել, մենք դեռևս Դատախազությունից պաշտոնական գրություն չունենք»,- ասել է Իոաննիսյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի գործը քննվի և բացահայտվի։

«Անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ է արվել, այստեղ մենք գործ ունենք ապօրինության հետ։ Այդ ապօրինությունը դատարանի՞ որոշմամբ իրականացված տեսագրություն է, որը հրապարակվել է, թե՞ ի սկզբանե ապօրինի իրականացված տեսագրություն է՝ չեմ կարող ասել»,- հավելել է նա՝ շեշտելով, որ նույնիսկ եթե տեսագրությունն արվել է օրինական հիմքով, դրա տարածումը միանշանակ ապօրինի է։

Իոաննիսյանը նշել է, որ Քրեադատավարական օրենսգիրքը պահանջում է հանցագործության մասին հաղորդման հիման վրա անհապաղ որոշում կայացնել, սակայն այդ գործընթացը հաճախ ձգձգվում է։ Նրա խոսքով՝ իրականում որոշումների կայացման գործընթացը կարող է ամիսներ տևել։

«Իրականության մեջ որոշումներն ավելի երկար ժամկետում են կայացվում և լինում են դեպքեր, որ ընդհուպ ամիսներ են տևում։ Տեր Արամի (կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյան. – Խմբ.) ասածների վերաբերյալ, երբ մենք հաղորդում էինք ներկայացնում սեպտեմբերի 17-ին, մեզ որևէ գրություն այդպես էլ չեկավ։ Հոկտեմբերի 15-ին մենք միայն լրատվամիջոցներից իմացանք, որ մեր հաղորդման հիման վրա ինչ-որ գործողություններ են իրականացվում»,–նշել է նա;

Հոկտեմբերի 25-ի երեկոյան «Armenian WikiLeaks» անունով տելեգրամյան ալիքը հրապարակել է անձնական կյանքին վերաբերող տեսանյութ, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Պետական որևէ կառույց դեռ չի հայտնել՝ արդյո՞ք իրենց կողմից է իրականացվել տեսաձայնագրությունը։