Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռ չի քննարկվում Տեր Տարոն քահանա Հունանյանին կարգալույծ անելու հարցը, ով մասնակից էր դարձել Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի մատուցած կեղծ պատարագին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասել է, որ կարգապահական հանձնախմբի օրակարգում նման հարց դեռևս չկա, հայտնում է Aysor.am-ին։
Ինչ վերաբերում է պատարագին ներկա եղած սարկավագներին, Տեր Եսայ քահանան ընդգծել է, որ նրանք Մայր Աթոռի միաբանության կազմում չեն և ենթակա չեն Աթոռի ներսում կարգապահական կարգավորման։
Նշվում է, որ Հայոց Կանոնագրքում ամրագրված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որի համաձայն, եթե որևէ քահանա կամ սարկավագ հրաժարվում է ենթարկվել իր եպիսկոպոսին, մասնակցում է ոչ լիազորված պատարագների կամ խռովություն է առաջացնում եկեղեցու ներսում, ապա նման հոգևորականին պետք է կարգից զրկել առանց հետադարձ իրավունքի։
Բացի այդ, Հովհաննես Արճիշեցու ուսմունքով՝ քահանայական շնորհը մշտապես պահպանվում է միայն այն դեպքում, երբ հոգևորականը շարունակում է լինել իր կարգի մեջ։ Հակառակ դեպքում նա կորցնում է պատարագ մատուցելու, խորհուրդներ կատարելու և օծման շնորհը փոխանցելու իրավունքը։
Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանը իրականացրել է անօրինական պատարագի արարողություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ։
Վարչապետ Փաշինյանն իր հայտարարության մեջ ընդգծել էր, թե այս «պատարագն» ընկալվում է որպես նորոգման խորհրդանշական արարողություն և պետք է նշանավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործընթացի մեկնարկը։ Մայր Աթոռը պաշտոնապես արձագանքել է, որ այս գործողությունը հակասում է եկեղեցական կանոնակարգին և «պատարագը» ճանաչվել է որպես անօրինական։






