Երեւանում մեկնարկել է թանգարանների կառավարմանը նվիրված քառօրյա վարժանքը: Հունիսի 11-14-ը Հայաստանի ու Արցախի թանգարանների շուրջ 30 ղեկավարներ ու կուրատորներ կբարձրացնեն իրենց որակավորումը թանգարանների ղեկավարության ու զարգացման գործում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած ձեռնարկների ու մեթոդաբանության հիման վրա:
Վարժանքը սկսվել է այսօր, հունիսի 11-ին, ՀՀ Ազգային պատկերասրահում: Հաջորդ օրերին վարժանքը կանցնի «Էրեբունի» արգելոց-թանգարանում, Երեւանի պատմության թանգարանում եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Թանգարանների աշխատանքի արդիականացման եւ կատարելագործման նպատակով թրենինգի ընթացքում կքննարկվեն ռազմավարական ծրագրավորման, մարքեթինգի, միջոցների հավաքման եւ այլ հարցեր:
«Ցուցանմուշներին էական վնաս է հասցվում ոչ թե պատերազմների ժամանակ, այլ աշխատանքի հանդեպ ամենասովորական անգրագետ վերաբերմունքի պատճառով: Արդյունքում, ցուցանմուշներն ամիսներով «բուժման» են ուղարկվում կամ ուղղակի անհետ կորչում են արխիվներում»,-վարժանքի բացմանը ասել է Սանքտ Պետերբուրգի Ազգագրության ու մարդաբանության թանգարանից (Կունստկամերա) հրավիրված փորձագետ Յուլյա Կուպինան:
Վարժանքի ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասնագետները զեկույցներ կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանման, ցուցանմուշների գիտական հայեցակարգի, պատմահնէաբանական թանգարանների արդի խնդիրներին:
Վարժանքն անցնումն է ՀՀ մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանավորությամբ: