Կալանքի տակ գտնվող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերանայել իր պաշտպանյալ Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։
«Հարգելի՛ տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։
Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,–ասվում է նամակում։
Ավելի ուշ Ալեքսանյանը հայտնել էր, որ Կոչուբաևի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում և արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։






