ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եկեղեցիների վերադարձի վերաբերյալ, ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ տարածքում հողերի սեփականատեր հանդիսացել է բացառապես պետությունը։
Նա հավելել է, որ Հովհաննավանքն ու հողամասը եկեղեցուն փոխանցվել են կառավարության որոշմամբ, գրում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է վերանայել այն վանքերի և եկեղեցիների կարգավիճակը, որոնք տարիներ առաջ փոխանցվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով։
«ԽՍՀՄ փլուզումից հետո ընդունված օրենքով, կարգով և Հողային օրենսգրքով տրվել են համապատասխան թույլտվություններ, ՀՀ կառավարության որոշմամբ բաշխում է տեղի ունեցել»,–ասել է նա։
Այն դիտարկմանը, թե Հայ առաքելական եկեղեցին փաստաթղթերով պնդում է, որ Արագածոտնի թեմի ենթակայության տակ գտնվող Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են, Սուրեն Թովմասյանն արձագանքել է․ «Հովհաննավանքում շենքի և հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշում, և այդ որոշումն է հանդիսացել, որ այս անշարժ գույքը փոխանցվել է եկեղեցուն»։
Միաժամանակ նա նշել է, որ դեռ պետք է մանրամասն ծանոթանա փաստաթղթերին՝ հստակեցնելու, արդյոք խոսքը վերաբերում է սեփականության, թե օգտագործման իրավունքին, և արդյոք փոխանցումը վերաբերել է միայն շինությանը, թե նաև հարակից հողատարածքին։
Թովմասյանը հավելել է, որ այս պահին Հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի միավորների թիվը կազմում է մոտ 600-700։
«Կան եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են հողի ու գույքի հարկումից, սակայն կան այնպիսի օբյեկտներ, որոնք վճարում են»,– նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Վերջին ամիսներին ՀՀ իշխանությունները ակտիվացրել են եկեղեցու և, մասնավորապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված քննադատությունն ու իրավական գործողությունները։ Մասնավորապես, կալանավորվել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։






