AM
28 Հոկտեմբեր 2025 - 12:06 AMT

Մայր Աթոռ. Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ ներկայացնելով Կանոնագիրք Հայոցում սահմանված դիրքորոշումը կարգալույծ քահանաների վերաբերյալ։

Նշվում է, որ կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ :

«Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին՝ Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ»։

Մայր Աթոռը հիշեցրել է նաև Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որն ընդգրկված է Հայոց Կանոնագրքում:

«Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշե»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։