AM
28 Հոկտեմբեր 2025 - 12:33 AMT

Հովհաննիսյան. Իշխանություն-եկեղեցի հակասություն չկա, խնդիրը բարձրաստիճան հոգևորականների հետ է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակասություն չկա` կան խնդիրներ բարձրաստիճան հոգևորականների հետ։ Նա այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

Ըստ նրա՝ խոսքն այն հոգևորականների մասին է, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը՝ իրենց վարքագծով նսեմացնելով ամեն հնարավոր արժեք, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ՝ Հովհաննիսյանն ասել է, որ այդպիսի երկխոսություն կարող է լինել միայն Գարեգին Երկրորդի հրաժարականի շուրջ։

«Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը և մենք՝ որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որը վերագրվում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին՝ շեշտելով, որ դատապարտելի է մարդու անձնական կյանք նման ձևով ներխուժելը։

Փաշինյանը հունիսի 10-ին հանդես էր եկել առաջարկությամբ՝ ստեղծել համակարգող խորհուրդ՝ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով։ Մինչ այդ վարչապետը հրապարակայնորեն մեղադրել էր Գարեգին Բ-ին և մի շարք բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտնելով, որ եթե հաստատվեն տեղեկությունները Գարեգին Բ-ի՝ երեխա ունենալու մասին, նա այլևս չի կարող պաշտոնավարել։

Ի պատասխան, եկեղեցական շրջանակները մեղադրել են իշխանություններին՝ հակաեկեղեցական արշավ սկսելու և հոգևոր ինքնության դեմ գործողություններ իրականացնելու մեջ։