«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության հակասական կադրային քաղաքականությանը՝ առանձնացնելով էկոնոմիկայի և սոցիալական ոլորտները։
«Փաստորեն ստացվում է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որի վրա կա քրեական գործ, իր մասով խոստումը կատարել է, որովհետև 7%-անոց տնտեսական աճ կա, բայց իրեն ազատել են աշխատանքից և կա քրեական գործ, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որի ոլորտը փաստացի ձախողված է, կառավարության ծրագրի որևէ դրույթ այդ մասով կատարված չէ, էդ մարդուն նշանակել են ԱՄՆ-ում դեսպան», – ասել է Ավետիսյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ 2026 թվականին ավարտվում է կառավարության հնգամյա ծրագիրը, որի սոցիալական բլոկը, ըստ նրա, ամբողջությամբ տապալված է, և իշխանությունները չեն կատարել իրենց խոստումները, հատկապես ամենախոցելի՝ 40 տոկոս անապահով խավի նկատմամբ, ներառյալ թոշակառուներն ու աղքատ աշխատողները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, անդրադառնալով իշխանություն-եկեղեցի հարաբերություններին, հիշեցրել է, որ այս հակադրությունը սկսվել է դեռ 2018 թվականից, երբ նախաձեռնվեց «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» արշավը, և հետագայում «Եկեղեցու պատմություն» առարկան հանվեց դպրոցական ծրագրից։
«Փաշինյանը շատ մեծ ցանկություն ուներ իր սրտի կաթողիկոսին նշանակել՝ կլիներ նա քահանա, թե այլ։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր այդ իրողության հետ, որ Եկեղեցին մի քանի անգամ քննադատել էր իրեն», – նշել է Դանիելյանը։
Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, թե պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, սակայն այսօր տեսնում ենք հակառակը։
«Ու ոչ միայն խառնվել է եկեղեցու գործերին, այլ եկեղեցին պառակտելու, աղանդ դարձնելու, կարգալույծ արված քահանայի պատարագին մասնակցելու՝ վարչական ռեսուրսով գործողություններ է անում, բայց արդեն ակնհայտ է, որ ձախողվել է», – ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունը հակասում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ «Կրոնական ազատության մասին» օրենքին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, որ ՔՊ–ն խոստացել էր բարձրացնել թոշակները, ասել է, որ «եթե կենսաթոշակն այսօր բարձրացնենք, թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա»։






