AM
28 Հոկտեմբեր 2025 - 13:59 AMT

Եվրոպացի պատգամավոր․ Եթե մարդիկ ՀՀ–ում դատվել են կարծիքի համար, զգույշ եղեք

Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու երկիր լինել, ուստի պետք է լուծել ներքին խնդիրները։

Ըստ նրա, հարցը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը փակ լինելու մասին է, այլ թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի քաղաքներում, հայտնում է Panorama.am-ը։

«Եթե կաշառքի համար են մարդուն դատում,… բայց եթե իրենց կարծիքի համար են իրենք դատվել, օրինակ, սոցիալական ցանցերում գրառումների համար, ուշադիր եղեք, զգույշ եղեք։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք մեղադրել, հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար»,- ասել է Նաչո Սանչես Ամորը։

Սանչես Ամորն ընդգծել է, որ ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, հայտնում է Factor.am-ը։

«ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել։ Դուք չպետք է հարյուրավոր ոստիկանների ուղարկեք։ Խորհրդային իրավական համակարգից շատ մեծ ժառանգություն կա։ Մեղադրենք, ուղարկենք բանտ, կալանավորենք, հետո կտեսնենք՝ ինչ տեղի կունենա»»,–ասել է նա։

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հրապարակել է միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «ցանկացած բանական դատավորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որևիցե անօրինական բան չի արել»։

Նա հայտարարել է, որ Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները բացահայտ «հակասում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, և նրա շարունակական կալանքը ակնհայտորեն ապօրինի է»։