AM
28 Հոկտեմբեր 2025 - 14:07 AMT

Մամիջանյան. Փորձում ենք միջնորդել, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի հայ գերիներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայությանը «Եվրանեսթի» նիստին, նշել է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի 70-ից ավելի պատգամավորների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և, իր կարծիքով, անցել է անդառնալիության կետը։

«Ադրբեջանը ԵԽԽՎ-ի 70-ից ավելի պատգամավորների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, իմ խորին համոզմամբ՝ իրենք արդեն անցել են անդառնալիության կետը, խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որ համարում է Ադրբեջանը դեմոկրատական», – նշել է Մամիջանյանը։

Նա նաև հիշեցրել է, որ դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով, որպեսզի միջնորդի Ադրբեջանում ԵՄ դեսպանին այցելել Բաքվում պահվող հայ գերիներին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Շատ բարդ է, չեմ ցանկանա որևէ մեկի մոտ սին հույսեր առաջացնել, բայց փորձում ենք, աշխատում ենք»,–ասել է նա։

Նա շեշտել է, որ միջազգային որոշ կառույցներ, հատկապես Եվրոպայում, հաճախ աչք են փակում Բաքվի վարքագծի վրա՝ պայմանավորված էներգետիկ ռեսուրսների հանդեպ ունեցած հետաքրքրվածությամբ։

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը և էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրողությունները՝ ցավալիորեն, որոշ միջազգային կառույցներ և եվրոպացի պաշտոնյաներ հանդուրժում են Ադրբեջանի կողմից խայտառակ հակաժողովրդավարակն, հակամարդկային, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները, չեն տալիս դրանց գնահատականներ, որոնք տրամաբանական կլինեին, ուստի էստեղ մեկնաբանելու քիչ բան կա», – հավելել է պատգամավորը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։