AM
28 Հոկտեմբեր 2025 - 14:58 AMT

«Ականատես»․ Արմավիրի մարզպետն աշխատանքային ժամերին զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ ՔՊ-ի

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

«Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում բացակայում է որևէ տեղեկություն ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշման մասին։

Միևնույն ժամանակ, մարզպետը սոցիալական մեդիայի իր էջում պարբերաբար հրապարակում է քարոզչական բնույթի նյութեր, մասնակցում քարոզչական միջոցառումների՝ հանդես գալով որպես գործող մարզպետ։

Այսպիսով, փաստացիորեն, մարզպետն իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ շարունակելով իրականացնել իր պաշտոնեական գործառույթները և օգտագործելով իր տիրապետության ներքո գտնվող վարչական ռեսուրսներն ու ազդեցությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պետական պաշտոն զբաղեցնողների վարքագծի կանոնագրքով սահմանված է․

  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում՝ մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն՝ բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև՝ չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
  • Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել նախընտրական քարոզչության վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ սոցիալական մեդիայի հրապարակումներից, հավանումներից կամ այլ վարքագծից, որը կարող է վնասել կամ նսեմացնել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ դնել անաչառությունն ու պատշաճությունը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ կատարելիս պարտավոր է հստակ նշել՝ դրանք արտահայտում են իր պաշտոնեական դիրքորոշումը, թե անձնական կարծիքը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն։

Նշվում է, որ Արմավիրի մարզպետի գործողությունները հակասում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման վերաբերյալ իրավական պահանջներին։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։