Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատված ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը համալսարանից «հեռացվել է ոչ պատշաճ վարքագծի պատճառով», հայտնում է Factor.am-ը։
«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,- նշել է նա։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ աշխատանքից հեռացվել է դասախոսության ժամանակ ներկայացրած օրինակներից մեկի համար։
«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,- գրել է նա։






