Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը իմպիչմենտի գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածուն է և որը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման, կալանավորվել է ՀՀ ժամանելուն պես՝ «Զվարթնոց» օդանավակայանում։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ընդդիմադիր գործիչ Նարեկ Մալյանը, ով ուղեկցել է նրան թռիչքի ժամանակ։
«Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից եկան կալանավորեցին, տարան, էլի, էդ կարամ ասեմ: Դե գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, ինքնաթիռից դուրս եկավ՝ հենց ինքնաթիռի դռնից դուրս եկան, միանգամից կալանավորեցին: Ինքը գիտեր, ասում է՝ «ես ձեզ սպասում էի, հենց սենց էլ սպասում էի», – պատմել է Մալյանը, գրում է «Ազատությունը»։
Դատարանի որոշմամբ Համբարձումյանը ճանաչվել է մեղավոր՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ցուցարարների նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։
Դավիթ Համբարձումյանն այդ ժամանակ երկրում չէր՝ Ռուսաստանում էր, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վերադառնալու է հոկտեմբերի 28–ին։ ։
«Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի հարակից տարածքում հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ այդ թվում՝ Համբարձումյանի քաղաքական համախոհները, Մասիսի համայնքի բնակիչներ ու քաղաքապետարանի աշխատակիցներ։ Նրանք շեշտել են, որ իրենց ներկայությունը կամավոր է, իսկ նպատակը՝ քաղաքապետին սատարելը։
«Հայաստանում 40-ից ավել գոյություն ունեցող քաղբանտարկյալներին այսօր իշխանությունը ուզում է միացնի ևս մեկին: Այո, տակը կա քաղաքական հետապնդում, տակը կա ընտրված ընդդիմադիր համայնքապետ կալանավորելու ավանդույթը՝ չար ավանդույթը, որ Նիկոլ Փաշինյանը ներդրել է Հայաստանում՝ Մամիկոն Ասլանյանից սկսած, Վարդան Ղուկասյանով, հիմա էլ Դավիթով, այստեղ կա նաև, այո, իմպիչմենտի միասնական թեկնածուի խնդիրը: Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել ցանկացած ծորակ, որից կարող է պոռթկա ընդդիմադիր հասարակական կարծիքը և վերածվի քաղաքական գործընթացի», – հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը, հայտնել է, որ ամուսինը, չնայած օբյեկտիվ հնարավորությանը չվերադառնալու, որոշում է կայացրել վերադառնալ Հայաստան, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք՝ ընտանիքի բոլոր անդամներով, սատարում ենք իր որոշմանը և հպարտանում ենք իր արարքով։ Երեխաներն իհարկե հասկանում են՝ ինչ է կատարվում, շատ դժվար է, որովհետև անչափահաս են։ Երեխաներն իրենք տեսնում են,կարդում են և շատ լավ տեղյակ են իրավիճակից, իրենք նույնպես հպարտ են իրենց հայրիկով»»,–ասել է նա։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի աշխույժ հատվածում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ինչպես Մասիսի քաղաքապետը, այնպես էլ նրա եղբայրը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է մեկ այլ քրեական գործ ևս՝ հեղափոխության օրերին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Այդ գործով նա կալանավորվել է, սակայն դատարանը որոշել էր ազատ արձակել նրան՝ գտնելով, որ կալանքը անհիմն է, և բավարար ապացույցներ չկան, որոնք կհաստատեին նրա կողմից հանցանքի կատարումը։
2025-ի հունիսին ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Համբարձումյանին առաջադրել որպես վարչապետի ընդդիմադիր թեկնածու։ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը, երկարատև քննարկումներից հետո, իր չորս անդամներից և երկու անկուսակցական պատգամավորներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանը ներկայացրել է Համբարձումյանի թեկնածությունն՝ իբրև անվստահության գործընթացի մի մաս։






