AM
29 Հոկտեմբեր 2025 - 06:30 AMT

Կարգալույծ արված քահանան փոխել է փականը և խոչընդոտում է մյուսների մուտքը Հովհաննավանք

Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը, ինչի հետևանքով մյուս հոգևորականները զրկված են ներս մտնելու հնարավորությունից։ Այդ մասին ասել է քահանա Տեր Սարգիսը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մեր մոտ եղած բանալիներն այլևս գործածել հնարավոր չէ ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում, հիմա ոչ ես, ոչ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտ ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»,-ասել է նա։

Տեր Սարգիսը նշել է, որ իրավիճակի մասին տեղեկատվություն են տարածում թեմի պաշտոնական կայքի և այլ թեմերի հոգևորականների միջոցով՝ կոչ անելով մարդկանց չմոտենալ Հովհաննավանքին։

«Հովհաննավանքի ծառայություններից օգտվում են Հայաստանի տարբեր տեղերից, մարդկանց կոչ ենք արել, որպեսզի մյուս թեմերում էլ քահանաները խոսեն, բացատրեն, որպեսզի ժողովուրդը տեղեկանա իրավիճակի մասին ու չգնան այնտեղ։ Իհարկե, իրենց շրջապատից կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն կապված են իր հետ, և նրանց չի հետաքրքրում ոչ մի բացատրություն, իրենք գնում են իր մոտ»,–ասել է նա։

Նա պատմել է, որ կիրակի նախատեսված է եղել հինգ արարողություն, որոնցից միայն մեկն է անցկացվել Հովհաննավանքում, իսկ մնացածն իրականացվել են այլ վայրերում։

«5 արարողություն ունեինք, պսակադրություններ, որոնցից միայն մեկն է մնացել Հովհաննավանքում, մնացածը տեղափոխեցին իրենց արարողակարգերը։ Այսօր նույնպես մկրտություն ունեի, զանգեցին՝ բացատրեցի, տեղափոխեցինք Սաղմոսավանք, որտեղ էլ ես իրենց մկրտությունը կատարեցի»,–ասել է նա։

Տեր Սարգիսը շեշտել է, որ նման պայմաններում այլևս հնարավոր չէ լիարժեք կատարել ծառայություն Հովհաննավանքում։

«Գիտեք, այն օրվա պսակից հետո՝ ես էլ չեմ ուզում այնտեղ լինել, եթե պիտի գնամ այնտեղ, իրենք գան, աղմկեն, խանգարեն, նորից վիճաբանեն՝ ես իմ աղոթքից ոչինչ չեմ հասկանալու, չեմ ուզում ամեն անգամ այդ հոգեվիճակն ապրել։ Հավատացյալներին էլ այդ իրավիճակում դնել չեմ ցանկանա»,–նշել է նա։

Տեր Սարգիսի փոխանցմամբ՝ եկեղեցում արարողությունների մատյանը նույնպես զավթվել է, ուստի գրանցումների գրքից էլ չի կարողանում օգտվել ու չգիտի, թե այս օրերին ինչ արարողություններ կան գրանցված։

Փաստացի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքը բռնազավթված է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ դատախազություն է ներկայացվել հաղորդում փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով։

«Ներկայացված հաղորդումը նաև այն մասին էր, որ խոչընդոտվում է օրինավոր քահանայի կողմից ծիսական արարողական կյանքը, միաժամանակ, նաև այն մասին էր, որ խախտված են Մայր Աթոռի սեփականության իրավունքի վերաբերող հարցեր։

Մենք այնտեղ այս պահին 2 քահանա ունենք նշանակված։ Ակնհայտ է, որ թե Տեր Սարգսի, թե Տեր Մանուկի ծառայությունը խոչընդոտվում են։ Սովորաբար, մարդիկ երբ ցանկանում են եկեղեցում արարողություն իրականացնել, եթե որևէ հոգևորականի հատուկ նախընտրություն չունեն, գալիս են որևէ արարողություն գրանցելու, այդ պահին որ հոգևորականն ազատ է լինում՝ ինքն էլ կատարում է , բայց եթե մարդիկ կոնկրետ նախընտրում են այս կամ այն հոգևորականին՝ խնդրում են, որ նա կատարի իրենց արարողությունը։ Այս դեպքում՝ շատերը տեղյակ չեն, որ կարգալույծ հոգևորականի արած մկրտությունը կամ պսակը անվավեր է, երբ որ դա իմանում են, մարդիկ կան, որ պահանջում են, որ այլ հոգևորական անի, որի կատարած ծեսը ընդունելի է և վավերական է։ Այս օրերին Հովհաննավանքում մյուս քահանաների աշխատանքը խոչընդոտվել է»,-ասել է Տեր Եսային։

Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։