Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ նոյեմբերի 2-ին ներկա է լինելու Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։ Նա այդ մասին խոսել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։
Վարչապետը հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոը չի կարող քահանային կարգալույծ անել, քանի որ ինքն է կարգալույծ՝ «կուսակրոնության ուխտը դրժելու փաստով»։
«Ըստ էության, սենսացիոն նորություն Կտրիճ Ներսիսյանից։ Նա հիշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի կոնանագիրք, և կանոնագրքին հղում անելով՝ փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհաննավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ Կանոնագիրք հայոցի համաձայն՝ Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար, կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում, և ես, ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհաննավանքում մասնակցելու եմ սուրբ և անմահ պատարագին»,- ասել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը մասնակցել է Հովհաննավանքում կայացած պատարագին, որը մատուցել է կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Վերջինս հայտնել է, որ չի ընդունում կարգալույծ ճանաչվելու որոշումը և շարունակելու է իր հոգևոր առաքելությունն այս եկեղեցում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ՝ ներկայացնելով Կանոնագիրք Հայոցում սահմանված դիրքորոշումը կարգալույծ քահանաների վերաբերյալ, որի համաձայն կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ :






