AM
29 Հոկտեմբեր 2025 - 08:04 AMT

Ֆիննախ․ Անձնական տվյալների տարածումը դատապարտելի է՝ կառավարությունում բոլորն են այդպես մտածում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում, պատասխանելով անձնական տվյալների ապօրինի հավաքման և տարածման դեպքերի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, ասել է, որ անձնական տվյալների «ապօրինի ձեռքբերումն ու տարածումը դատապարտելի է»։

«Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, կարծում եմ, որ անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն, դրանց ապօրինի ձեռքբերումն ու տարածումը, իհարկե, դատապարտելի է։ Կարծում եմ, մեր կառավարությունում չկա այնպիսի մարդ, որ այդպես չի մտածում»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Հովհաննիսյանն ասել է նաև, որ արդարադատության նախարարությունում արդեն կա մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանությամբ, սակայն միաժամանակ կա առաջարկ՝ ձևավորել անկախ կառույց՝ այս խնդիրները կարգավորելու համար։

Նրա խոսքով՝ այդ առաջարկի շուրջ որոշ կոնկրետ դրույթներ քննարկման առարկա են լինելու հաջորդ օրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայանալիք նիստում։

«Եթե որոշում լինի, որ պետք է առանձին մարմին լինի ու դա տեղի ունենա, հավելյալ միջոցներ կհատկացվեն։ Այս պահի դրությամբ այդ առանձին մարմնի ստեղծման համար միջոցներ նախատեսված չեն»,- ասել է նախարարը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը: